Արևիկ Սեբաստացյան - թուրքերեն
1.Ի՞նչ կրթություն ունեք և ինչպե՞ս է այն կապված Ձեր դասավանդած առարկայի հետ:
1 Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Արևելագիտություն ֆակուլտետի Թյուրքագիտություն բաժինը։ Մասնագիտությամբ թուրքագետ եմ։
2.Ի՞նչ փորձ ունեք աշակերտների և ուսանողների հետ աշխատելու: Կպատմե՞ք Ձեր պրակտիկայի ամենահետաքրքիր դեպքերից:
2. 44֊օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսել եմ թուրքերեն պարապել։ Մինչ օրս պարապում եմ։
Սկսել եմ պարապել արցախցիների հետ, այնուհետև բոլոր կամեցողների։ Այս տարիների ընթացքում ունեցել եմ մեծաթիվ աշակերտներ Հայաստանի տարբեր շրջաններից` տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր մարդիկ։ Մի քանի ռուս աշակերտներ էլ եմ ունեցել, որոնց հետ պարապում էի ռուսերենով։ Նրանցից Ժենյան, որ ծառայում էր ռուսական սահմանապահ ուժերում շատ էի սիրում Հայաստանը և այն համարում էր իր երկրորդ հայրենիքը։ Այս նվիրվածությունն ինձ շատ էր հիացնում։
Իսկ իմ աշակերտներից արցախցի Ալբերտը շատ հետաքրքիր կերպ էր թուրքերեն սովորում։ Նա պատմում էր, որ բառերը իր ընկերոջ հետ է սովորում։ Ընկերն իր մոտ ասեղ ուներ, որ բառը մոռանում էր` մի հատ ծակում էր։ Այդ կերպ նա սկսեց հրաշալի սովորել և սերտածը երբեք չմոռանալ։
3.Ի՞նչ մեթոդներ և մոտեցումներ եք կիրառում դասավանդման ժամանակ:
3.Մեծ ուշադրություն եմ դարձնում բառապաշարի հարստացմանը։ Յուրաքանչյուր դասի կրկնում և սովորում ենք 200֊300 բառ։ Իմ աշակերտներն ունեն հարուստ բառապաշար։ Բացի այդ, ես օգնում եմ, որպեսզի նրանք տվյալ բառը կարողանան շատ հեշտ սերտել և այլևս չմոռանալ։
Օրինակ` Kim թուրքերենից թարգմանաբար նշանակում է` "ով"։ Ես նրանց ասում եմ, Քիմ Քարդաշյանն ո՞վ է, որ ամբողջ աշխարհը գրեթե նրանով է մեր ազգին ճանաչում։ Կամ ķırk թուրքերենից թարգմանաբար նշանակում է քառասուն։ Այստեղ հիշում ենք Քըրք Քըրքորյանին և թարգմանում որպես Քառասուն Քառասունյան։ Սրանք փոքրիկ օրինակներ են։
Քերականությունը նույնպես բավական պարզեցված և մատչելի եմ մատուցում, այնպես որ աշակերտը տանը սովորելու բան չունենա։
4.Ինչպե՞ս եք հարմարեցնում Ձեր դասերը աշակերտների և ուսանողների գիտելիքների տարբեր մակարդակներին համապատասխանեցնելու համար:
4 Յուրաքանչյուր աշակերտի մատուցում եմ այնքան, որքան կարող է ընկալել և սկսում ենք այն մակարդակից, որին նա տիրապետում է, իհարկե չմոռանալով իմ կանոնների մասին։
5.Ինչպե՞ս եք պլանավորում Ձեր դասերը:
5. Մեր դասերը բաղկացած են մի քանի կետից. Բառերի ստուգում, վարժություններ, քերականություն, 15֊20 ր շփում թուրքերենով, թուրքերով ֆիլմի, սերյալի դիտում և պատմում։ Թուրքերեն տեքսերի թարգմանություն և պատմում։ Ընթացքում ճանաչել մեր թշնամուն` թուրքին ու Թուրքիան։ Նրա պատմությունը, լեզվային ու ազգային առանձնահատկությունները, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։ Երբեմն ընդմիջում ենք մեր դասը հաճելի, հետաքրքիր զրույցներով, որևէ թեմա քննարկելով, այնուհետև թարմացած շարունակում մեր դասը։
6․Աշխատու՞մ եք դժվար աշակերտների և ուսանողների հետ։
Եթե այո, Ինչպի՞սի մոտեցում եք ցուցաբերում դժվարություններ ունեցող աշակերտներին և ուսանողներին:
6 Եթե աշակերտը ցանկանում է ինձ հետ պարապել, ես չեմ կարող մերժել։ Դժվար աշակերտների հետ ավելի պատասխանատու եմ աշխատում։ Իմ պարտքն եմ համարում գտնել այն ուղին, որը մատչելի կդարձնի գիտելիքի փոխանցումը տվյալ աշակերտին։ Այդպիսիք ունեցել եմ։
7․Ձեզ համար նշանակություն ունի՞ աշակերտների, ուսանողների կամ նրանց ծնողների կարծիքը Ձեր աշխատանքի մասին:
7. Ինձ համար մեծ նշանակություն ունի աշակերտի, ուսանողի կամ նրանց ծնողի գնահատականը իմ աշխատանքին։ Սակայն մինչ նրանց գնահատականին սպասելը` ես եմ ինքս ինձ գնահատում։ Այսինքն եթե աշակերտը լավ չհասկացավ, բառը չկարողացավ սովորել և այլն, ուրեմն դա իմ բացթողումն է, և ես հանգիստ չեմ կարող ինձ զգալ։ Մշտապես տալիս եմ առավելագույնը։
8․Ինչպե՞ս եք վերաբերվում հեռավար ուսուցմանը:
8. Հիմնականում պարապում եմ հեռահար։ Դրական եմ վերաբերում, իմ աշակերտները նույնպես։
9․Ինչպե՞ս եք թարմացնում Ձեր գիտելիքներն ու հմտությունները:
9. Պարբերաբար այցելում եմ Թուրքիայի մայրաքաղաք, այնտեղ ապրել եմ 4 տարի, որից 2֊ը դասավանդել եմ դպրոցում։ Օրվա մեջ մի քանի ժամ թուրքերեն եմ դիտում, հետևում եմ լուրերին, շփվում եմ պոլսահայերի հետ` թուրքերենով։
10․Ինչ առաջարկություններ ունեք աշակերտներին և ուսանողներին:
10. Սիրելի աշակերտներ և ուսանողներ, հրաշալի է, որ որոշել եք սովորել թուրքերեն։ Սակայն որպես թուրքերենի ուսուցիչ` Ձեզ ունեմ խնդրանք և պատգամ. մի մոռացեք, միշտ հիշեք, որ թուրքը մեր թշնամին է։ Ազգային շահը բարձր պահեք ամենուր և ամեն ինչից։ Երբեք Ձեր գիտելիքներով թշնամու ձեռքին խաղալիք չդառնաք, որքան էլ առաջարկը լինի գայթակղիչ, փայլփլուն և շահութաբեր։ Մեր հայրենիքը, մեր երկրի գոյությունն ու անվտանգությունը վեր է ամեն ինչից։ Հնարավորության դեպքում, Աստծո կամոք` Ձեր գիտելիքները ծառայեցրեք հանուն մեր երկրի բարգավաճման ու անվտանգության։ Թող Աստված օրհնի և լուսավորի բոլորիդ միտքը նոր լեզու, նոր գիտելիքներ ձեռքբերելու ճանապարհին։
18.04.2025