Լիանա Լյուդվիկյան-Հայոց պատմություն, Հասարակագիտություն, Համաշխարհային պատմություն
1.Ի՞նչ կրթություն ունեք և ինչպե՞ս է այն կապված Ձեր դասավանդած առարկայի հետ:
1.Ունեմ բարձրագույն մանկավարժական կրթություն՝ պատմության ուսուցիչ որակավորմամբ։ Մասնագիտությունս սիրով եմ ընտրել։
2.Ի՞նչ փորձ ունեք աշակերտների և ուսանողների հետ աշխատելու: Կպատմե՞ք Ձեր պրակտիկայի ամենահետաքրքիր դեպքերից:
2. Անընդմեջ աշխատել եմ իմ մասնագիտությամբ և բավականին երկար տարիների հաջողված աշխատանքային փորձ ունեմ կրթության ոլորտում։ Կարելի է ասել, որ գրեթե միշտ ողջ օրվա ընթացքում ես իմ աշակերտների, դիմորդների և արդեն ուսանող դարձած երեխաների հետ եմ անցկացնում։
3.Ի՞նչ մեթոդներ և մոտեցումներ եք կիրառում դասավանդման ժամանակ:
3.Եթե անկեղծ իմ աշխատանքը հետազոտական բնույթ է կրում, քանի որ կիրառում եմ ամենատարբեր մանկավարժական մոտեցումներ և հնարներ որոշակի արդյունք ստանալու նպատակով ինտելեկտուալ զարգացման ընթացք ապահովելու գործում։
Բանավոր խոսքի, վերլուծական մտքի, հիշողության զարգացման, վերարտադրության , ուշադրության և կենտրոնանալու կարողությունների հմտացման նպատակով կիրառվող հնարները հետաքրքիր գոհացնող արդյունքներ են տալիս։ Նաև, չնայած խմբում աշակերտների կամ դիմորդների քանակին, անհատական եմ փորձում աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ։
Հավատացե՛ք ես նրանց պահում եմ մշտական մտավոր վարժանքի վիճակում և ներքուստ իհարկե ուրախանում ընթացքային զարգացումներով։
4.Ինչպե՞ս եք հարմարեցնում Ձեր դասերը աշակերտների և ուսանողների գիտելիքների տարբեր մակարդակներին համապատասխանեցնելու համար:
4.Անհրաժեշտության դեպքում "սովորիր սովորեցնելով" մեթոդն եմ կիրառում, երբ ուժեղ և ավելի լավ պատրաստված աշակերտները աշխատում են զույգերով իրենցից ավելի քիչ պատրաստված աշակերտների հետ։ Այդ դեպքում զարգանում են մի շարք հմտություններ, որոնք ձևավորում են իր ուժերի վրա վստահ և իրավիճակն ու անելիքները ճիշտ պատկերացնող աշակերտի։
5.Ինչպե՞ս եք պլանավորում Ձեր դասերը:
5.Պլանավորում եմ իմ դասը կամ ուսումնական գործընթացը հաշվի առնելով առարկայական ուղեցույցները, բուհի ներկայացրած չափորոշիչային պահանջները, ունեցած ժամանակը և երեխայի անհատական ինտելեկտուալ, խառնվածքային առանձնահատկությունները։
6․Աշխատու՞մ եք դժվար աշակերտների և ուսանողների հետ։
Եթե այո, Ինչպի՞սի մոտեցում եք ցուցաբերում դժվարություններ ունեցող աշակերտներին և ուսանողներին:
6.Այո,իհարկե աշխատում եմ, երբեք չեմ խուսափել դժվարությամբ սովորողների հետ աշխատելուց։ Եվ միշտ լավատես եմ այդ հարցում, քանի որ հենվում եմ մանկավարժական հոգեբանական մոտեցումների վրա։
7․Ձեզ համար նշանակություն ունի՞ աշակերտների, ուսանողների կամ նրանց ծնողների կարծիքը Ձեր աշխատանքի մասին:
7. Բնականաբար և ծնողների, և աշակերտների կարծիքը ինձ համար շատ կարևոր է։
8․Ինչպե՞ս եք վերաբերվում հեռավար ուսուցմանը:
8.Հեռավար ուսուցման պրակտիկան նույնպես կիրառում եմ։Այն հնարավորություն է տալիս ավելի հեռու ապրող մեր հայրենակիցների երեխաների համար էլ հասանելի լինել և նպաստել նրանց նախապատրաստական կրթության հետ կապված խնդիրների լուծմանը։
9․Ինչպե՞ս եք թարմացնում Ձեր գիտելիքներն ու հմտությունները:
9.Իմ ժամանակը թեպետ սուղ է, բայց ես միշտ նորը ուսումնասիրելու, սովորելու, նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար մասնակցում եմ ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր վերապատրաստումների։ Շատ եմ սիրում կարդալ և հատկապես մասնագիտական գրականություն։ Աշխատում եմ միշտ տիրապետել ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի, մշակույթի և այլ բնագավառների հետ կապված տեղեկույթին։
10․Ինչ առաջարկություններ ունեք աշակերտներին և ուսանողներին:
10.Աշակերտներին և ուսանողներին խորհուրդ կտամ ազգային կրթության և գիտության որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին մասնակցել և կազմել սեփական առաջարկությունների փաթեթը։Նաև կուզենայի, որ երբեք չդադարեին կրթվել ու ինտելեկտուալ առումով զարգանալ։