Կրթությունը Սովետական Հայաստանում
Հայ ժողովրդի ազգային վերածննդի, նրա հոգևոր ուժերի ծաղկման, կրթական գործի զարգացման համար լայն հնարավորություններ ստեղծվեցին Սովետական կարգերի հաստատումից հետո։ 1920-ի նոյեմբերի 29-ից սկսված կուլտուրական հեղափոխությունը նախատեսում էր լուծել հետևյալ հիմնական խնդիրները՝ վերացնել աշխատավորների կուլտուրական հետամնացությունը, մասսայական անգրագիտությունը, պայմաններ ստեղծել մշակույթի նվաճումները ժողովրդին մատչելի դարձնելու համար, իրականացնել դպրոցական և բարձրագույն կրթության հիմնավոր ռեֆորմ, փոփոխել ուսանողների ու աշակերտության սոցիալական կազմը, կիրառել համընդհանուր, պարտադիր ուսուցում, ստեղծել նոր գաղափարների վրա հիմնված կուլտուրա։ 1929— 1932թթ-ին Սովետական Հայաստանում կառուցվեց 383 դպրոցական շենք՝ գլխավորապես գյուղական վայրերում։ 1932—33 ուսումնական տարում գործում էր 1099 դպրոց, այդ թվում՝ 782 տարրական, 302 յոթնամյա և 12 միջնակարգ։ 1932-ին հանրապետությունում իրականացվեց ընդհանուր պարտադիր տարրական կրթություն, որը պայմաններ ստեղծեց պարտադիր յոթնամյա ուսուցման անցնելու համար։ 1933—34 ուսումնական տարում գործում էր 377 յոթնամյա դպրոց, որոնք կազմակերպվել էին տարրական դպրոցների հիման վրա։ Պարտադիր կարևորագույն պայմաններից էր դպրոցի ապահովումը մանկավարժական կադրերով։ Եթե 1927—28 ուսումնական տարում դպրոցներում աշխատում էր 2598 ուսուցիչ, ապա 1932-ին ուսուցիչների թիվը
հասավ 4500-ի։ 1920—30-ական թթ. մեծ աշխատանք կատարվեց չափահաս բնակչության անգրագիտության վերացման ուղղությամբ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պատմական կարճ ժամանակամիջոցում հաջողությամբ լուծվեց սոցիալական այդ կարևորագույն խնդիրը։ Եթե 1920-ին անգրագետ էր հանրապետության բնակչության 83%-ը, 1926-ին՝ 61,3%-ը, ապա 1939-ին՝ ընդամենը 16%-ը։ Ուսումնական պրոցեսի կատարելագործմանը զուգընթաց, նախապատերազմյան տարիներին դպրոցը լուրջ հաջողությունների հասավ սովորողների գաղափարաքաղաքական դաստիարակության ասպարեզում։
Հայրենական մեծ պատերազմը դպրոցի և ժողկրթության բնագավառի աշխատողների առջև նոր խնդիրներ դրեց։ Պահանջվում էր վերակառուցել ոաումնադաստիարակչական գործը, առանձնահատուկ ուշադրություն նվիրել սովորողների ռազմահայրենասիրական և աշխատանքային դաստիարակությանը։ Մեծ ծավալ ստացավ դպրոցաշինությունը։ Հետագա տարիներին զգալիորեն աճել է միջնակարգ և նվազել ինչպես տարրական, այնպես էլ 8-ամյա դպրոցների թիվը, ինչը հնարավորություն տվեց 1966—67 ուսումնական տարուց անցնելու ընդհանուր միջնակարգ կրթության։ 1969—70 ուսումնական տարում հանրապետության դպրոցներում կային 846 ֆիզիկայի, 615 քիմիայի, 322 կենսաբանության կաբինետ-լաբորատորիաներ, 1113 դպրոցական արհեստանոց։
1985—86 ուսումնական տարում գործել է 1479 հանրակրթական դպրոց։ Դպրոցի ուսումնադաստիարակչական և հասարակական աշխատանքը սերտորեն կապված է կոմերիտմիության և պիոներական կազմակերպության գործունեության հետ։
1985—86 ուսումնական տարում ցերեկային հանրակրթական դպրոցներում աշխատել է 46,1 հազար ուսուցիչ (շուրջ 82%-ը՝ բարձրագույն կրթությամբ)։