Կրթությունը հնագույն ժամանակներից մինչև XII դ.Հայաստանում
Հայկական դպրոցն ունի խորը պատմական արմատներ և կարևոր դեր է խաղում հայ մշակույթի, լեզվի և ինքնության պահպանման գործում: Դարերի ընթացքում կրթությունը Հայաստանում զարգացել է տարբեր պատմական և քաղաքական փոփոխությունների պայմաններում, ինչը էական ազդեցություն է ունեցել կրթության և դաստիարակության համակարգի վրա:
Մինչև հայոց գրերի և հայալեզու դպրոցների ստեղծումը ՜Հայաստանում գործել են հունարեն, մասամբ էլ ասորերեն ուսուցմամբ դպրոցներ։
Հայոց դպրոցի բուն պատմությունն անխզելիորեն կապված է գրերի ստեղծման հետ։ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթև կաթողիկոսի աջակցությամբ, հայ գրերն ստեղծելուց հետո ձեռնամուխ է լինում կրթատներ հիմնելու գործին։ Առաջին դպրոցը՝ վարդապետարանը, բացվել է Վաղարշապատում։ Սկզբնական շրջանում դասավանդվել են Սուրբ գիրքը, վարքաբանություն և եռյակ գիտությունները (քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա), հետագայում նաև աստղաբաշխություն, բարոյագիտություն, թվաբանություն և այլ առարկաներ։ Դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ և եկեղեցական գործիչներ, որոնք լուսավորական գործունեության էին մեկնում Հայաստանի տարբեր գավառները։ Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը։ Վաղարշապատից հետո Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ է բացել Հայաստանի միջնաշխարհում և գավառներում։ Մեսրոպյան դպրոցներում դասավանդվել են հայոց լեզու, երգ, երաժշտություն, գրչության արվեստ և այլ առարկաներ։ Անանիա Շիրակացին ստեղծեց հայ աշխարհիկ առաջին գիտական դասագիրքը՝ "Քննիկոն"-ը, ուր զետեղված են "3ոթ ազատ արվեստները»։ Կաթողիկոսարանը ժամանակին դասագիրքն արգելել է աշխարհիկ բովանդակության համար։ 400 տարի անց Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ձեռք բերելով «Քննիկոն»-ի մեկ օրինակ, դրանով դասավանդել է Սանահինի և Բջնիի դպրոցներում։
VIII—IX դդ. վերելք է ապրել Սյունյաց դպրոցը։ Այդ շրջանում բեղմնավոր գործունեությամբ աչքի էր ընկնում մի այլ կրթարան՝ Գեղարքունի գավառի Մաքենյաց ուխտը։ IX դ, Բագրատունիները և Զաքարյանները Հայաստանում, իսկ Ռուբինյանները Կիլիկիայում հովանավորում էին գիտության, գրականության և արվեստի մարդկանց գործունեությունը։ Դպրոցների մի մասն աշխարհիկ բնույթի էր և կոչվում էր հասարակական կամ ժողովրդական։ Պահվում էին պետության, եկեղեցու կամ հասարակական միջոցներով։ Աշակերտներին ուսուցանում էին գրել, կարդալ, երգեցողություն և տարրական թվաբանություն։
Կիլիկյան Հայաստանում դպրությունն առաջընթաց է ապրել XI դ. վերջից։ Երկրի բազմաթիվ բնակավայրերում ու վանքերում բացվել են դպրոցներ։ Կրթությունը եղել է ձրի և մատչելի։ Նախնական կրթությունը սկսվել է 7 տարեկանից և տևել 3—5 տարի։ Սովորեցրել են գրաճանաչություն, ընթերցանություն և արտասանություն, թվաբանություն, երաժշտություն, նկարչություն, նախնական գիտելիքներ տվել կրոնից, պատմությունից, աշխարհագրությունից։ Միջնակարգ դպրոցներում ուսուցանել են քերականություն, ճարտասանություն, գրչության արվեստ, նկարչություն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա։ Պատրաստել են պետական և հասարակական մանր աստիճանավորներ։ Վարդապետարաններում դասավանդել են աստվածաբանություն, իմաստասիրություն, տրամաբանություն, իրավագիտություն, դիվանագիտություն, բժշկագիտություն։ Պատրաստել են գիտնականներ, պետական և հոգևոր բարձր աստիճանավորներ։