Շնորհավոր Սուրբ Զատիկ!
Զատիկը հայ առաքելական եկեղեցու ամենապայծառ ու հանդիսավոր տոներից մեկն է։ Սուրբ Զատիկի տոնը հիմնականում հայերը նշում են տանը՝ ընտանիքի և մտերիմների հետ: Տոնի գլխավոր հատկանիշներից մեկը գույնզգույն ձվերն են: Զատիկի օրը քրիստոնյաները ձվերը ներկում են կարմիր գույնով, որը խորհրդանշում է Հիսուսի արյունը՝ թափված մարդկության փրկության համար: Քրիստոնեության մեջ ձուն ունի Երկրի և նոր կյանքի խորհուրդը: Ի դեպ ներկված ձվերն ընդունված էր դնել նախօրոք աճեցված «ածիկի» մեջ: Այն ծլեցրած ցորենն է, որը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Ինչ վերաբերում է տոնական սեղանին, այստեղ անպակաս է չամչով և ձկնով փլավը: Ձվերի հետ մատուցվում է ավանդական լավաշը և մեծ քանակությամբ թարմ կանաչի: Եվ իհարկե, որպես աղանդեր մատուցվում է տոնական անուշաբույր թխվածքը՝ լցոնած չամչով և չրերով:
«Զատիկ» բառի ծագման հետ կապված կան մի քանի տարբերակներ և բացատրություններ, որոնցից յուրաքանչյուրն ակամա բացատրում է նաև տոնի ծագման վարկածը: Անդրադառնալով բառի հայերեն բացատրությանը, հանգում ենք երկու տարբերակի: Առաջինի դեպքում ստացվում է, որ «զատիկ» բառն առաջացել է «զատել» բայից և նշանակում է բաժանել, տարբերել, զանազանել: Այս բացատրությունն է հիմնականում ընկած Զատիկ տոնի ծագման բոլոր վարկածներում: Սակայն մյուս դեպքում առաջ է գալիս գրաբար հայերենը, որտեղ ինչպես գիտենք կարող ենք հանդիպել «զ» նախդիրով սկսվող մի շարք բառերի, օրինակ՝ «զիմաստություն», «զխրատ»: Նույն կերպ գրաբարում եղել է «զհատիկ» բառը, որը նշանակությամբ նույն «հատիկ»-ն է՝ խորհրդանշելով սերմը, հատիկը, որը ցանում են հողում: Սակայն ժողովրդի մեջ պահպանվել է «զատիկ» տարբերակը։ Քրիստոնեական հայկական Զատիկը շարժական տոն է և հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնանային գիշրահավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը: Այն ընկնում է մարտի 21-ից մինևչ ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում: Երեկոյան՝ տոնի նախօրյակին, և ամբողջ հաջորդ օրը եկեղեցիներում անցկացվում են տոնական պատարագներ:
Զատկի տոնի օրը հայերը միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», պատասխանն է՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Dasaxos.am կայքը շնորհավորում է մեր մասնագետների և կայքի հաճախորդների Սուրբ Զատիկը։ Թող Աստծո օրհնությունը ուղեկից լինի բոլորիս: