Մենք դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական կուսակցության կողմից կազմակերպված սպանություններն են, որի հետևանքով 1915-1923 թթ զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կասրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլիսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։ Հայոց ցեղասպանությունը ներառում է 1884-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։ Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև«Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և հույների ջարդերը։ Հայկական սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և մինչ օրս չի ավարտվել։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ երկրներ, այդ թվում Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բրազիլիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը,Կանադան, Հունաստանը, Նիդեռլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Վատիկանը և շատ այլ պետություններ։
Այսօր մենք հիշում ենք 1915 թվականին կատարված ոճրագործության մասին, և դատապարտում Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց պատմության ամենամեծ ողբերգությունը։