Հայկական դպրոցի պատմությունը XII դ. վերջից մինչև XX դ. սկիզբը
XII դ. վերջի աչքի ընկնող ուսումնական հաստատություններից է Խորանաշատի վանքի Հովհաննես Տավուշեցու դպրոցը, ուր սովորել է Մխիթար Գոշը։ Նոր Գետիկում նրա հիմնած վարդապետարանը, որը հետագայում կոչվել է Գոշավանք, լայն ճանաչում է ունեցել։
Վարդան Արևելցին XIII դ. Կարնո բերդում հիմնել է դպրոց, որը հետագայում տեղափոխվել է Խոր Վիրապ։ Դպրոցներ են գործել նաև Հաոիճում, Հաղարծնում, Երգնկայում (վերջինս գլխավորել է Հովհաննես Երզնկացին) և այլուր։
XIV—XV դդ. նշանակալից արդյունքի են հասնում Սյունյաց աշխարհի Հերմոնի դպրոցը, Եղվարդի, Այրիվանքի, Ցիպնավանքի և այլ դպրոցներ։ Այս դպրոցներում շեշտը դրվել է հատկապես հասարակական առարկաների ուսումնասիրման և գրչագրական-ձեոագրագիտական հմտություն ձեռք բերելու վրա։ XV—XVI դդ. անխաղաղ իրավիճակի պատճառով շատ դպրոցներ փակվեցին։ Հիշարժան ուսումնական հաստատություններից են՝ Սևանի, Սսի, Սեբաստիայի, Ամիդի դպրոցները։ XVII դ. 1-ին կեսից, երբ երկրռւմ համեմատաբար խաղաղ իրադրություն հաստատվեց, ժողովուրդը կրկին ձեռնամուխ եղավ դպրոցների բացման գործին։ Այսպես, Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցը վերակենդանացավ, ծաղկում ապրեց հատկապես Վարդան Բաղիշեցի վարդապետի ժամանակ և կոչվեց համալսարան։
XVII դ. 30-ական թթ. Սյունյաց Մեծ անապատի սան Խաչատուր Կեսարացին հայկական դպրոց է հիմնել Նոր Զուղայում, որը եղել է նաև գրչության կենտրոն։ Դպրոցին առընթեր ստեղծված մատենադարանը այսօր էլ գործում է, ունի շուրջ 600 հայերեն ձեռագիր։ Բուն դպրոցը գոյատևել է մինչև XVIII դ. վերջը։
XVIII դ. սկզբին Երևան է գալիս մի նոր հայ կրթարան, որը խոր հետք է թողել հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ։ Մխիթար Սեբաստացին 1717-ին Վենետիկի Ս. Ղազար կղզում միաբանության վանքին կից հիմնել է դպրոց, որը հետագայում դարձել է ճանաչված ուսումնագիտական կենտրոն։ 1732-ից դպրոցն ուներ երկու բաժին՝ նորընծայարանի և քահանայության։ Դպրոցի մատենադարանում պահվում են բազմաթիվ հայերեն ձեռագիր մատյաններ։ 1799-ին Զմյուռնիայում հիմնվեց Արևմտյան Հայաստանի առավել նշանավոր և համեմատաբար երկար գոյատևած (մինչև 1922-ը) ուսումնական հաստատություններից մեկը՝ Մեսրոպյան վարժարանը։
Միջնադարում կրթական գործի տարածման ու զարգացման ասպարեզում խոշոր դեր են կատարել Սանահինի, Գլաձորի, Տաթևի համալսարանները։
Դարասկզբի հայ առաջավոր կրթավայրերից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը, Աստրախանի Աղաբաբյան, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցները, Վենետիկի
Մուրադյան, Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր դեր է կատարել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (հիմն. է 1824-ին)։
1836-ի մարտի 11-ին ցարական կառավարությունը հաստատեց «Հայ լուսավորչական հավատի հոգևոր գործերի կառավարման կանոնադրությունը»։ Այն իրավունք էր տալիս էջմիածնում բացելու հոգևոր ճեմարան, հայկ. եկեղեց. 6 թեմերի (Արարատյան, Ղարաբաղի, Շամախու (Շիրվանի), Վրաստանի, Աստրախանի, Նոր Նախիջևան—Բեսարաբիայի կենտրոններում՝ մեկական հոգևոր սեմինարիա կամ թեմական դպրոց, իսկ եկեղեցիներին կից՝ ծխական դպրոցներ։ Առավել նշանավորներից էր 1837-ին բացված Երևանի թեմական դպրոցը, որը, չնայած նյութական ծանր պայմաններին և ցարական կառավարության համաձուլողական քաղաքականությանը, շուտով դառնում է ազգային ուրույն դեմք ունեցող կրթատուն։
XIX դ. 40—50-ական թթ. հայաբնակ քաղաքների և գյուղաքաղաքների մեծ մասն արդեն ուներ եկեղեցական-ծխական, վանական, մասնավոր դպրոցներ։ Այդ ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանում գործել են տարբեր տիպի ավելի քան 160 հայկական դպրոցներ։ 60-ական թթ. դպրոցը նկատելի առաջընթաց ապրեց։ Կրթական գործում սկսեց մեծ դեր խաղալ հասարակական նախաձեռնությունը։ 1863-ին հրապարակվեցին հայկական ծխական դպրոցների աոաջին ընդհանուր կանոնները, որոնց համաձայն դպրոցների կառավարումը հանձնվում էր ընտրովի հոգաբարձություններին։ Կրթության հիմնական կենտրոն դարձավ եկեղեցական-ծխական դպրոցը, որտեղ ուսուցումը 2—3 տարի էր։ Ավանդվում էին հայոց և ռուսաց լեզուներ, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, կրոն։
1870-ական թթ. հրապարակ եկան դպրոցները, որոնցում ուսուցումը 6—8 տարի էր։ Դասավանդվում էին Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր պատմություն ու աշխարհագրություն,՜ բնագիտություն, գծագրություն, հանրահաշիվ, ֆիզիկա, մարդակազմություն, երկրաչափություն և այլ առարկաներ։ Այդ թվականներին լայն տարածում է ստանում աղջիկների կրթությունը։ Նշանավոր էին Մարիամ-Ղուկասյան (Շուշի), Գայանյան (Երևան), Գայանյան, Մարիամյան-Հովնանյան (երկուսն էլ՝ Թիֆլիսում), Եդիսաբեթյան (Ախալցխա), Արղության (Ալեքսանդրապոլ) օրիորդաց դպրոցները։ Այսպիսով, 1870-ական թթ. ուրվագծվեց արևելահայ կրթական համակարգի չորս տիպ՝ ծխական, հոգևոր, թեմական դպրոցներ և ճեմարան։ Արևմտահայերի կրթական կյանքում մեծ դեր են խաղացել Մխիթարյանների հիմնած Փարիզի Մուրադյան և Վենետիկի Ռափայելյան վարժարանները։ Արժանահիշատակ են Ս. Ամենափրկիչ վանքի դպրոցը (հիմն. է XVII դ. 1-ին կեսին) Նոր Զուղայում, Մեսրոպյան վարժարանը (1799—1922) Զմյուռնիայամ, Հայոց մարդասիրական ճեմարանը (հիմն. է 1821-ին) Կալկաթայամ, Սանդուխտյան-Մարիամյան (1870—1915), Երամյան (1878—1915), Կեդրոնական (1881—96) վարժարանները Վանում, Սանասարյան վարժարանը (1881 — 1915) Կարինում։
Կիլիկիայի կենտրոնները բավական աշխույժ կրթական կյանք են ունեցել։ Ամենանշանավորը Այնթապն էր, որտեղ գործում էին և՛ ազգային, և միսիոներական բազմաթիվ դպրոցննր։ Այստեղ էին Կիլիկյան գիշերօթիկ ճեմարանը, Ներսիսյան ու Հայկանուշյան դպրոցները, Վարդանյան և Ադենական մասնավոր վարժարանները։ 1910-ին Այնթապում կար 14 հայկական ազգային ու մասնավոր, ինչպես նաև 10 այլ դպրոց, ուր սովորում էր մոտ 3500 աշակերտ։
Մեծ եղեռնի պատճառով կրթական գործը Արևմտյան Հայաստանում լիակատար անկում ապրեց։
25.10.2025